Հայ ազգային կոնգրեսը իջեցրել է իր պահանջների նշաձողը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը: Նա նշեց, որ մեկնարկել է ընտրական գործընթացը, թեեւ այդ մասին դեռեւս պաշտոնապես չի հայտարարվել: Ընտրություններին պատրաստվում են բոլոր քաղաքական ուժերը, իսկ ՀԱԿ-ը, Շահբազյանի կարծիքով, հավանաբար, աշնանը կհայտարարի, որ գնում է հերթական ընտրությունների:

«Հավանաբար, դժվար է տարիուկես մարդկանց հրապարակում պահելը, բայց այդ արտահերթ ընտրության գայթակղությունը կամ ինտրիգը հնարավորություն է տալիս շարունակելու այդ օրակարգով: Կարելի է ասել, որ ՀԱԿ-ը մեղմացրել է իր դիրքորոշումը, վերջին իրենց պահանջների մեջ չկար նախագահի հրաժարականի հարց, կար վարչապետի հրաժարականի հարց: Երբ որ ժամանակին մենք չէինք ամենավերեւը բարձրացնում նշաձողը, նույն ուժը մեզ քննադատում էր դրա համար, բայց իրենք հիմա իրենց նշաձողն իջեցրել են, հավանաբար ունեն հաշվարկներ»,-նկատեց Շահբազյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը բարձրացնի վարչապետի վստահության հարցը, Շահբազյանը կոնկրետ պատասխան չտվեց: Նա նշեց, որ կառավարության գործունեության վերաբերյալ ՀՅԴ-ն պարբերաբար իր դիրքորոշումը հայտնել է խորհրդարանական քննարկումների ժամանակ: «Իսկ թե հետագայում կլինի վստահության բարձրացման հարց, չեմ կարող ստույգ ասել»,-նշեց պատգամավորը: