Հայաստանում ստվերն ավելի քիչ է դարձել: Ցանկացած այլ հայտարարություն պետք է հիմնավորվի:

Ապրիլի 26-ին Երեւանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին  հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ կարող է ամեն տեսակի հայտարարություններ անել, բայց դրանք պետք է գոնե ինչ-որ կերպ հիմնավորված լինեն: Որպես օրինակ եւ իր փաստարկների ապացույց նա նշեց հավաստաիցումն այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո ստվերից հաջողվել է  դուրս հանել մոտ 40 հազար աշխատատեղ:

«Հիմա դա ինչի՞ մասին է վկայում, որ ստվերն ավելի շա՞տ, թե՞ ավելի քիչ է դարձել: Ակնհայտ է, որ ստվերում բնակչության զբաղվածությունը առնվազն 40 հազար մարդով կրճատվել է անցյալ տարվա համեմատ: Այժմ նրանք, որվքեր ասում են, որ ստվերն ավելի շատ է դարձել, պետք է թվերի վրա հիմնված փաստեր բերեն», - ասաց նախարարը: