Բուլղարիայի ազգայնական ATAKA կուսակցությունը վարչապետ Բոյկո Բորիսովին 14 օր ժամանակ է տվել ազգային հեռուստաընկերության (BNT) եթերից 5 րոպե տեւողությամբ թուրքերեն լուրերը հանելու համար:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` ազգայնական ATAKA կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդորովը Բուլղարիայի ազգային հեռուստատեսության շենքի դիմաց ժամացույց է դրել, որը հետհաշվարկ է անում մինչեւ 14 օրը լրանալը:
Այս խնդրով ազգային հեռուստաընկերության «Բաց նիստ» հաղորդման ժամանակ բանավիճել են հիշյալ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բայկո Ստանկուշեւն ու ATAKA կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստանիսլավ Ստանիլովը:
BNT-ի տնօրենը շեշտել է, թե իրենց թուրքերեն եթերը ամրագրված է ազգային փոքրամասնությունների մասին օրենքով, եւ այն եթերից հանելու համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն: Իր հերթին, ազգայնական գործիչը շեշտել է, թե BNT-ն ոչ թե պետական այլ` ազգային հեռուստաընկերություն է, եւ պարտավոր է միայն բուլղարերենով եթերում լինել, իսկ թուրքերեն լուրերը կարող են եթեր գնալ մարզային հեռուստաընկերություններով:




























