Եվրոպական միությունը 5 տարի ժամկետով, մինչեւ 30 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրք է մտցրել Չինաստանից, Հայաստանից եւ Բրազիլիայից փայլաթիթեղի ներմուծման վրա, որպեսզի օգնի եվրոպական արտադրողներին, այդ թվում լեհական Grupa Kety SA ընկերությանը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ հայ, բրազիլացի եւ չինացի արտադրողները իրենց արտադրանքը արտահանել են ԵՄ անդամ 27 երկրներ ինքնարժեքից ցածր գներով, այսինքն զբաղվել են դեմպինգով: Այդ քաղաքականության արդյունքում, ինչպես հայտնում է աղբյուրը, ֆինանսական կորուստներ են կրել բրիտական Novelis, հունական Symetal Aluminium Foil եւ բուլղարական Alcomet ընկերությունները:

ԵՄ ընդունած որոշման համաձայն, բրազիլական Companhia Brasileira de Aluminio ընկերության եւ այլ բրազիլական ընկերությունների արտադրանքի ներմուծման վրա դրվել է 17,6 տոկոս մաքսատուրք, հայկական «ԱՐՄԵՆԱԼ»-ի վրա (ռուսական «ՌՈՒՍԱԼ» ընկերության դուստր ձեռնարկություն) 13,4 տոկոս մաքսատուրք, իսկ Չինաստանի արտադրողների արտադրանքի վրա` 30 տոկոս մաքսատուրք: Միաժամանակ, ԵՄ-ն ընդունել է բրազիլական ընկերությունների առաջարկը` հրաժարվել նվազագույն գներ կիրառելուց, որի դիմաց հակադեմպինգային այդ մաքսատուրքերը իրենց նկատմամբ չեն կիրառվի: Իսկ ահա «ԱՐՄԵՆԱԼ»-ի նմանատիպ առաջարկությունը ԵՄ-ն մերժել է:

Նշենք, որ Չինաստանը, Բրազիլիան եւ Հայաստանը 2008 թվականի հունիսից ի վեր 12 ամիսների ընթացքում ԵՄ-ում փայլաթիթեղի շուկայում բարձրացրել են իրենց բաժինը մինչեւ 49 տոկոս: Համեմատության համար նշենք, որ 2005 թվականին այդ երկրների ընդհանուր բաժինը կազմում էր 14 տոկոս: Հայաստանը, մասնավորապես, իր բաժինը 0-ից հասցրել է 5,3 տոկոսի: