Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հակառակորդի գնդակից հերթական անգամ հայ զինվոր է սպանվել: ԼՂՀ Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մարտի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Արթուր Սամվելի Աղաբաբյանը:
ԼՂՀ ՊԲ-ն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Դատելով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությունից, կարելի է հանգել այն եզրակացության, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի կատարում սույն թվականի մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխադարձ վստահության հետագա ամրապնդման պայմանավորվածության պահանջները, այլեւ իր նախահարձակ գործողություններով շարունակում է խորացնել առաջնային գծում տիրող լարվածությունը:
Դեռ ավելին, հանդիսանալով հրադադարի ռեժիմի խախտման մշտական նախաձեռնողը (որի պատճառով ի դեպ Սոչիի եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր առաջ Վերին Չայլուի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը), պաշտոնական Բաքվի քարոզչամիջոցները ճգնում են լկտիաբար ապակողմնորոշել միջազգային հանրության կարծիքը եւ հայկական կողմին ներկայացնել որպես նախահարձակ: Մասնավորապես, սույն թվականի մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից սպանվել է Աղդամի Օրթա Քարվենդ գյուղի անչափահաս բնակիչ Ֆարիզ Բադալովը, դրա վառ ապացույցն է: Շեշտենք, որ այս միջադեպի ճշգրիտ մանրամասները պարզելու նպատակով մարտի 10-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախորոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախատեսեց դեպքի վայրում անցկացնել դիտարկում: Սակայն, չգիտես ինչու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաջարկով Ասկերանի ուղղությամբ իրականացրած դիտարկման ժամանակ, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջնային գծի նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի հետեւանքով դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Այս հանգամանքը մեկ անգամ եւս հաստատում է այն իրողությունը, որ ադրբեջանական կողմը իր այս քայլով հերթական անգամ փորձեց միջադեպի հետ կապված ճշգրիտ մանրամասները թողնել չբացահայտված:
Ավելին, դիտարկման օրը ադրբեջանական կողմը ոչ միայն ԵԱՀԿ առաքելության համար հնարավորություն չստեղծեց լիարժեք իրականացնելու առաջադրված խնդիրը, այլեւ առաջնային գծի մյուս բոլոր հատվածներում, իր սովորության համաձայն բազմաթիվ անգամ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը: Արդյունքում, դիտարկումից ընդամենը ժամեր անց,` իսկ ավելի կոնկրետ մարտի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սամվելի Աղաբաբյանը:
Այս եւ մյուս փաստերը անհերքելիորեն ապացուցում են, որ ի տարբերություն հայկական կողմի, որը հարգում եւ հետեւողականորեն կատարում է մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության պահանջները, Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողություններով խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Այս ամենից արվելիք եզրակացությունը հետեւյալն է` կամ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կամ էլ իր բոլոր նախահարձակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով: Մնացած հետեւությունները թողնում ենք հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին»:





























