Հայաստանի ու Շվեյցարիայի միջեւ վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն, իսկ Երեւանում դեսպանության հիմնադրումը նոր հնարավորություններ կբացի երկկողմ համագործակցության առավել զարգացման համար: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Կոնստանտին Օբոլենսկիի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպան Օբոլենսկիին՝ Հայաստանում բարեկամ Շվեյցարիայի
առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու եւ Երեւանում Շվեյցարիայի դեսպանության հիմնադրման կապակցությամբ, Էդվարդ Նալբանդյանն
ասաց. «hայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, հաճախ է խոսվում մեր երկրների միջեւ աշխարհագրական եւ պատմական ընդհանրությունների մասին:
Դեսպան Օբոլենսկին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ բարեմաղթանքների համար՝ վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունները առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համար:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին անդրադարձան ՀՀ նախագահի հրավերով Շվեյցարիայի նախագահի մարտի վերջին Երեւան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին, որի ընթացքում պածտոնապես կբացվի Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:





























