Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 15-17-ին մեկնելու է Բրյուսել եւ տեղի իշխանություններից խնդրելու է 1 միլիարդ դոլար պարտք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 11-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, նշելով, որ այդ մասին իրենց հայտնի է դարձել եվրոպական կառույցներից: «Ես հավատում եմ սրան, քանի որ, երբ նայում ես 2011 թվականի բյուջեի նախագծին, տեսնում ես, որ մեր արտաքին պարտքը 2010 թվականի դեկտեմբերին եղել է 3,3 միլիարդ դոլար, իսկ 2011 թվականի բյուջեում դա նախատեսվում է 4,2 միլիոն դոլար: Միգուցե կառավարությունը կանխատեսում էր, որ երկրում տնտեսական իրավիճակն այսպիսին պետք  է լինի, դրա համար էլ նախատեսել էին գնալ, գումարներ խնդրել այլ երկրներից»,-նկատեց Խաչատրյանը:

Նա նշեց, որ որպես պարտք այլ երկրների կողմից գումարներ տրամադրելը  շատ ավելի վատ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, «քանի որ գումարները կմտնեն երկիր եւ արդյունավետ չեն ծախսվի»:

«Դրա համար էլ, գործող կառավարության մի օր շուտ հեռանալը փրկություն է մեր երկրի համար, եւ բացի այդ` ապագայի նկատմամբ հավատ կարող է առաջացնել»,-նկատեց ՀԱԿ ներկայացուցիչը: Տնտեսագետը չբացառեց, որ այսպիսով գուցե գործող կառավարությունը նախապատրաստվում է Հայաստանին սպառնացող դեֆոլտին: