Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարողանան համոզել Ադրբեջանին եւ շփման գծում միջադեպերի հետաքննության գործընթացում ներգրավել նաեւ Լեռնային  Ղարաբաղին, դա հակամարտության լուծման ճանապարհին լուրջ առաջընթաց կլինի, մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Նա կասկած հայտնեց, որ Ադրբեջանը կհամաձայնի դրան։ «Իսկ եթե Ադրբեջանը չհամաձայնի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետ, գործընթացը կձախողվի։ Չէ՞ որ միջադեպերը կատարվում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ուրեմն ո՞ւմ, եթե ոչ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի հետ պետք է իրականացնի հետաքննությունը ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ Բաքուն հատուկ չի համաձայնի սրան, քանի որ շփման գծում տեղի ունեցած միջադեպերը նախաձեռնում է հենց Ադրբեջանը։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում մարտի 5-ին ընդունած հայտարարության արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարված միջադեպերի հետաքննություն նախաձեռնեն։ Այդ հարցի մանրամասները քննարկելու համար նրանք եկող շաբաթ կայցելեն տարածաշրջան։ Նշենք նաեւ, որ Երեւանը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այս նախաձեռնությունը։