Բուխարեստում կայացած Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում մարտի 10-ին Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն ընդունել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն են հայտնել միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ, որը կխթանի առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Նշելով անցյալ տարի առեւտրատնտեսական փոխանակումների բնագավառում գրանցված աճը` կողմերը մտքեր են փոխանակել այդ դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու շուրջ:

Կոնկրետ բնագավառներում տնտեսական կապերի խորացման հարցերի շուրջ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաեւ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Ռումինիայի հաղորդակցությունների եւ տեղեկատվական հասարակության նախարար Վալերիան Վրեմեի հանդիպման ժամանակ:

Նշենք, որ մարտի 11-ին նախարար Մ.Վարդանյանը հանդիպումներ կունենա նաեւ Ռումինիայի Խորհրդարանում, ուր Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության եւ Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի նախաձեռնությամբ քննարկումներ կծավալվեն խորհրդարանականների միջամտությամբ եւ աջակցությամբ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման շուրջ:

Նախարարը կայցելի նաեւ Բուխարեստ քաղաքի աղետների կառավարման եւ երթեւեկության վերահսկման կենտրոն:

Նույն օրը նախատեսվում է Ռումինիայի Առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպել հայ-ռումինական կլոր սեղան`»Հայաստանում գործարարության եւ ներդրումների միջավայրի հնարավորությունները» թեմայով, որին ներկա կլինեն ռումինական հայտնի ընկերությունների եւ ձեռնարկությունների մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ: