ԵԱՀԿ-ի, որպես Եվրոպայում անվտանգություն ապահովող կազմակերպության հետ չարժե առանձնակի հույսեր կապել, այդ կառույցը վաղուց փոխել է իր պրոֆիլն ու զբաղվում է ժողովրդավարացման հարցերով: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն, գիտակցելով իր անզորությունը անվտանգության ապահովման հարցում, ինչն իր ուղղակի եւ հիմնարար գործառույթն էր, այլ նշաձող է զբաղեցրել: «ԵԱՀԿ-ն ի վիճակի չէ գլուխ հանել իր հիմնական առաքելությունից, քանի որ դրա համար կազմակերպությունը պետք է հստակ եւ օբյեկտիվ կերպով դատապարտի վտանգ ներկայացնող երկրներին»,- նկատել է Հովհաննիսյանը` ընդգծելով, որ այդ համատեքստում որեւէ հույս չի տածում մարտի 17-ին կայանալիք ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հայաստանյան այցի հետ:

Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նկատել է, որ ԵԱՀԿ շրջանակներում միակ գործուն ձեւաչափը Մինսկի խումբն է: «Ճիշտ է, դրա գործունեության մեջ էլ ծագում են որոշ հարցեր, բայց այն գոնե աշխատում է»,- նկատել է Հովհաննիսյանը: