Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մարտի 10-ին կայացել է Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հայկական պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ ռումինական կողմից հանձնաժողովը ղեկավարել է Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Անկա Դանիելա Բոաջիուն:

Մանուկ Վարդանյանն իր ելույթում նշել է, որ տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը չի համապատասխանում իրական հնարավորություններին եւ այս առումով դեռեւս բավականին անելիքներ կան: Նրա խոսքով, առեւտրաշրջանառության ներկա ծավալները բավականին փոքր են իրական հնարավորություններից:

Նիստի ընթացքում առաջարկվել է այս տարի Երեւանում եւ Բուխարեստում կազմակերպել գործարար ֆորումներ, ինչպես նաեւ տեղական արտադրանքների տարեկան մասնագիտացված ցուցահանդեսներ: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսական ոլորտին, որտեղ առկա են համագործակցության զգալի հնարավորություններ: Նա առանձնացրել է նաեւ համագործակցության մի քանի այլ ուղղություններ` ոսկերչություն եւ ադամանդագործություն, առողջապահության բնագավառը, մասնավորապես սրտանոթային եւ ատամնաբուժական ոլորտը, զբոսաշրջություն եւ այլն:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին կողմերը ստորագրել են համատեղ արձանագրություն, որտեղ ամփոփվել են հանդիպման արդյունքները եւ մատնանշվել համագործակցության ամրապնդման հետագա քայլերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվել հաջորդ` 4-րդ նիստն անցկացնել 2012թ.-ին` Երեւանում: