Զինված ուժերի շփման գծում սադրիչ գործողությունները վերջին երկու տարում դարձել են Ադրբեջանի այցեքարտը: Այդ մասին մարտի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետի խոսքով, վերջին 2 տարում Ադրբեջանը ղարաբաղյան հարցով բանակցություններից առաջ եւ հետո սադրիչ գործողություններ է իրականացնում: Հայ զինվորի սպանությունը, ինչպես նաեւ Բաքվի հայտարարությունը, թե իբր հայկական կողմի կրակոցից երեխա է զոհվել, սադրանքի հերթական դրսեւորումն է. «Նման վարմունքը կարող է պայմանավորված լինել իշխանության համար ներքին պայքարով, այսինքն, թե ինչ քայլերով են Ալիեւները ցանկանում պահել իշխանությունը»:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հակառակորդի գնդակից հերթական անգամ հայ զինվոր է սպանվել: ԼՂՀ Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մարտի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա Արթուր Սամվելի Աղաբաբյանը:
Միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ դիտարկումից ժամեր անց:





























