Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մարտի 15-16-ին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա մասնակցելու է Բարձր մակարդակով համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Էրդողանի այցը Մոսկվա նվիրված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության պայմանագրի 90-ամյակին:

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: