Թե´ կարճաժամկետ, եւ թե´ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը հայաստանի իշխանության համար լինելու է գերակայություն: Այս մասին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին խորհրդակցության ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այստեղ ես, իհարկե, ուզում եմ տեսնել ՀՀ կառավարության եւ կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանք, նաեւ համարձակ ու ոչ ավանդական քայլեր»,- ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Ես հասկանում եմ, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են, բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր: Ուզում եմ, որպեսզի մենք ավելի մանրամասն զբաղվենք այս խնդրով, որպեսզի այս խնդրի լուծմանը ներգրավեք նաեւ մեր վերահսկողական ծառայությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Ակնկալում եմ, որ կոնկրետ պաշտոնյաներ ավելի մանրամասն հասկանան ապրանքների եւ, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը` ի՞նչ գնով ձեռք բերվեց, որքա՞ն տրանսպորտային ծախսեր եղան եւ ի՞նչ գնով վաճառվեց ապրանքը: Մենք ունենք բոլոր հնարավորությունները եւ բոլոր միջոցները, որպեսզի այս խնդիրը լուծենք հենց իրավական դաշտում»:

Նրա խոսքով, պետք է լուրջ աշխատանք տանել ներմուծողների ու արտադրողների հետ, ինչը կխթանի մրցակցությունը:

«Կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, եւ այս թիրախը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է երկրի ղեկավարը: