Լուսանկարիչ եւ Լեհաստանի Գդանսկ քաղաքում ցուցահանդեսի սեփականատեր Վլադիսլավ Ժուխովսկին մարտի 10-ին հայտարարել է, որ ձեռք է բերել լեգենդար լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մինչ այժմ անհայտ լուսանկարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։


Լուսանկարի վրա նշված է տարեթիվը՝ 1849 թվական, ինչը համընկնում է Շոպենի մահվան տարեթվի հետ։ Ելնելով լուսանկարի վրա եղած ստորագրությունից՝ կարելի է դատել, որ լուսանկարի հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Լյուի-Օգյուստ Բիսոնն է։

Վլադիսլավ Ժուխովսկին լուսանկարը գնել է անցած տարվա դեկտեմբերին։ Նրա խոսքով, այն պահպանվել է Շոպենի երկրպագու եւ շոտլանդացի ուսանող Ջեյն Սթերլինգի հավաքածուում։ Լեհ կոլեկցիոները չի հայտնել, թե որքան գումար է ծախսել լուսանկարը ձեռք բերելու համար։

Լուսանկարի իսկությունը դեռեւս պետք է ճշտվի։ Լուսանակարների փորձագետ Մալգոժատ Գրաբչեսկան վստահ է, որ դագերոտիպն արվել է 19-րդ դարում։ Սակայն նա կասկածում է, որ դա Շոպենի լուսանկարն է։ Բացի այդ, Բիսոնը երբեք չի ստորագրել իր նկարների տակ։

Եթե ապացուցվի, որ նկարն իրական է, գտածոն սենսացիա կդառնա, քանի որ մինչեւ այժմ հայտնի են եղել Շոպենի երկու լուսանկարներ։