Մեր գերնպատակը ուսանող–բուհ–աշխատաշուկան իրար կապելն է։ Այս մասին այսօր՝  5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով իր եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու նախաձեռնության մասին։

«Մեր նպատակը հնարավորինս մեր քայլերն այնպես անելն է, որ տեսական եւ պրակտիկ գիտելիքներն իրար կապենք։ Այս փուլում մենք նպատակ ունենք օգնել ուսանողներին աշխատել եւ սեփական կրթությունը ապահովել ֆինանսական առումով։ Մենք հետագայում նպատակ ունենք նաեւ սահմանափակումներ մտցնել մասնագիտական աշխատանքի հետ կապված, քանի որ հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ  գերազանց ավարտում ենք ԲՈՒՀ ը, բայց պրակտիկ գիտելիքների չենք տիրապետում։ Այս նախաձեռնությունը սա կարգավորելու միտում ունի»,–նշեց նա։

Մակունցը համոզմունք հայտնեց, որ այս նախաձեռնությունը կօգնի աշխատող այն  անձանց, որոնք ցանկանում են 2-րդ մասնագիտություն ստանալ։ 

Մակունցը շեշտեց նաեւ, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ունենալ վիճակագրություն, որի հիման վրա հետագայում գնահատում կիրականացվի դրա արդյունավետությունը։

Սիսակ Գաբիրելյանն էլ իր հերթին հայտնեց, որ մինչեւ  15-ը կամփոփեն հանդիպումները եւ նախագիծը հունիսին՝ Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում կլինի։

«Այս պահին միակ սահմանափակումը առաջադիմությունն է՝ ՄՈԳ–ը, փորձագետները նշում են, որ բուհերը պատրաստ չեն բակալավրատի առաջին կուրսում կիրառել այս ծրագիրը, ուստի հնարավոր է պիլոտային ծրագրով մագիստրատուրայում փորձարկվի եւ բակալավրիատի վերջին կուրսում, որպեսզի հաճախելիության եւ կրթության որակի հետ կապված խնդիրներ չառաջանան, նաեւ հանդիպում ենք ուսանողների հետ, քանի որ շահառուներն իրենք են։ «Բարձրագույն կրթության մասին» օրենքն էլ ամենայն հավանականությամբ շուտով կլինի խորհրդարանում, փորձագետները եւ նախագծի վրա աշխատողները խոստանում են, որ այնտեղ արդեն իսկ կլինի բակալավրում սովորողների համար ճկուն դասագրաֆիկ»։

Հարցին՝ բյուջեի համար սա ինչ ծանրաբեռնվածություն կառաջացնի, պատգամավորը պատասխանեց. «Եթե կառավարությունը գտնի, որ որոշակի գումար արժե հատկացնել կրթությանը, ապա կունանք բյուջեի հետ համահունչ նախագիծ»։ Նրա համոզմամբ՝ սա կօգնի նաեւ, որ աշխատող ուսանողները ստվերից դուրս գան։

Հիշեցնենք, որ այս նախագծով պատգամավորները առաջարկում են օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով: Փոփոխության համաձայն՝ անկախ սեփականության ձեւից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի` եկամտային հարկի վերադարձի միջոցով: Սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:

Գումարների վերադարձման կարգը սահմանելու է կառավարությունը: