Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվել է ամուսնու ծեծից մահացած Զարուհի Պետրոսյանի գործով դատական երկրորդ նիստը: Պատճառը եղել է գործով դատախազի չմասնակցելը դատական նիստին: Չկայացած նիստում պետք է քննարկվեր գործով մեղադրյալ` Զարուհի Պետրոսյանի ամուսնու` Յանիս Սարկիսովի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը: Նա ավելի քան 5 ամիս գտնվում է կալանքի տակ եւ մեղադրվում է ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ), որը նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը պետք է տեղի ունենար մարտի 1-ին, սակայն այն չկայացավ, քանի որ մեղադրյալը կալանավայրից չէր բերվել դատական նիստին: Նշենք, որ Զ.Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ի դեպ, նրա մանկահասակ դուստրը այժմ գտնվում է մանկատանը:
Զարուհի Պետրոսյանի հետ տեղի ունեցածը դատապարտել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ:




























