Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ արտասահմանցի հեռուստալրագրողների խումբը ցանկություն է հայտնել հանդիպել եւ հարցազրույց վերցնել ՀՀ առաջին նախագահ Լեուն Տեր-Պետրոսյանից, սակայն նրանց հետ որեւէ հստակ պայմանավորվածություն չի եղել: Խոսքը 4 հոգուց բաղկացած (էստոնացի, լիտվացի եւ ֆինլանդացի) լրագորղական խմբի մասին է, որին արգելել են հատել Հայաստանի սահմանը:
«Լրագրողական խմբի ներկայացուցիչներից մեկը օրեր առաջ զանգահարել է ինձ եւ հայտնել, որ իրենք Հայաստանում պատրաստվում են ֆիլմ նկարահանել Ղարաբաղյան հակամարտության թեմայով եւ ցանկանում են հարցազրույց վերցնել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Ես էլ պատասխանեցի` թող խումբը գա Հայաստան, այդ ժամանակ հստակ պայմանավորվածություն ձեռք կբերվի»,- NEWS.am-ին հայտնեց Մուսինյանը եւ հավելեց, որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Նշենք, որ «TV KOMANDA» պրոդյուսերական կենտրոնը ներկայացնող լրագրողական խումբը Հայաստան է ժամանել ուրբաթ օրը` մարտի 10-ին: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց մուտքի արտոնագիր չի տրամադրվել, ինչի հետեւանքով խմբի անդամները ժամեր շարունակ մնացել են օդանավակայանում: Օդանավակայանից «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ լրագրողական խումբը Երեւան էր գալիս Կովկասի զինված հակամարտությունները թեմայով վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով: Աղբյուրը հայտնել է նաեւ, որ նկարահանող խմբի պրոդյուսերը` «Անդրյուս Բրոկասը, հայտնի է որպես Ադրբեջանի լավ բարեկամ եւ Ադրբեջանի Մշակույթի նախարարության հետ լավ վարձատրվող ծրագիր է իրականացնում»:
Ի դեպ, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ լրագրողական խումբն այս գիշեր մեկնել է Հայաստանից:





























