Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն հաստատել է «Ֆուկուսիմա- 1» ատոմակայանում պայթյունի փաստը, սակայն հայտնել է, որ ռեակտորը չի պայթել:

Միաժամանակ NHK հեռուստաընկերությունը, վկայակոչելով Ֆուկուսիմայի տեղական իշխանությանը, հաղորդել է, թե ճառագայթման ֆոնը ԱԷԿ-ի շրջանում ավելացել է, եւ բնակիչներին խորհուրդ է տրվում փակել պատուհանները, միացնել օդափոխման համակարգերը եւ դուրս չգալ տներից: 

Tokyo Electric Power ընկերության տվյալներով` տեղական ժամանակով ժամը 15.36-ին ԱԷԿ-ում ստորերկրյա ուժեղ ցնցումից հետո պայթյուն է եղել: Հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր, որտեղ պարզ երեւում է, որ ԱԷԿ-ի  բլոկի արտաքին պատը բացակայում է:  Կայան են ուղեւորվել հրշեջ ջոկատներ եւ բժիշկներ:

Ուրբաթ օրը Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մասնագետներին չի հաջողվել դուրս թողնել ԱՀԿ-ի բլոկի թաղանթի տակ կուտակված գազը եւ իջեցնել ճնշումը: Մտահոգություններ կային, թե ճնշման բարձրացումը կհանգեցնի  թաղանթի վնասման ու  ճառագայթման: Սակայն հետո Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ մասնագետներին հաջողվել է  բաց թոցղնել գազը` կանխելով ռեակտորի թաղանթի վնասումը:

Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: Ավելի քան  հազար մարդ զոհվել են եւ անհայտ կորել: