Հայաստանի գլխավոր դատախազությունը լրացուցիչ տեղեկություն է տարածել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործի նախաքննությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ եւ ներկայացրել գործի հանգամանքները:

Ըստ այդմ.  «Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող 2010թ. ընթացքում 3 դեպքով քաղաքացիներից պահանջել եւ ստացել է ապօրինի վարձատրություն։

Մասնավորապես. Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի մայիսին, Երեւանի Կոմիտասի 49/9 հասցեում «Սթար Դիվայդ» կազմակերպության կողմից նոր սուպերմարկետի շինարարության ընթացքում այդ կազմակերպության ադմինիստրատիվ տնօրեն Արմեն Պողոսյանից, շինարարության նախագծում հայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել եւ ապօրինի ստացել է 192 հազար դրամ վարձատրություն։

2010թ. հունիսի սկզբներին Տ.Փոստանջյանը Երեւան քաղաքի բնակիչ Սեջվիկ Առաքելյանին Երեւան, Շրջանցիկ թունել 21 հասցում գտնվող շինությունների վերաբերյալ այսպես կոչված «վաղեմության» (ապօրինի շինության երկարատեւ փաստացի օգտագործումը այդ անձի կողմից վկայող) տեղեկանք տրամադրելու համար Սեջվիկ Առաքելյանի որդուց՝ Վահան Առաքելյանից, պահանջել եւ ստացել է 40 հազար դրամ վարձատրություն, ընդ որում այդ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ դիմումը Ս.Առաքելյանի փոխարեն լրացրել եւ ստորագրել է անձամբ։

Բացի այդ, Տիգրան Փոստանջյանը Երեւան քաղաքի Կոմիտասի 23/1 շենքի 47 բնակարանում իրականացվող ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու ու այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար 2010թ. սեպտեմբերին, բնակարանի սեփականատեր Հրահատ Սարգսյանից պահանջել եւ ապօրինի ստացել է 100 հազար դրամ վարձատրություն։

Տիգրան Փոստանջյանին փետրվարի 25-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 311(1) հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կրկին անգամ ապօրինի վարձատրություն ստանալու համար»։
Նշենք, որ Տիգան փոստանջյանը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացնող հետապնդումը միտված է ճնշել Զարուհի Փոստանջյանին եւ խոչընդոտել նրա գործունեությանը: