Ուրբաթ օրը Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն, ամենայն հավանականությամբ, Հոնսյու կղզին տեղաշարժել է 2,4 մետրով, մարտի 12-ին հայտարարել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության գեոֆիզիկոս Քեննեդ Հադնաթը, հայտնում է CNN-ը։

«Ներկայումս մեզ հայտնի է, որ GPS կայաններից մեկը տեղաշարժվել է 8 ֆուտով (2,4 մետրով)»,- ասել է նա։

Համաձայն  վերլուծությունների՝ ճապոնական կղզիների մեծ մասը տեղաշարժվել է։ NASA-ի մասնագետներն ավելի վաղ հայտնել էին, որ ուրբաթ օրը Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը Երկրագնդի առանցքը շեղել է 15 սանտիմետրով։

Բացի այդ, նախնական հաշվարկների համաձայն՝ երկրային օրերը կարճացել են 1,6 միկրովայրկյանով։

Վերջին տարիների ուժեղագույն երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք: Ուժգնությունը կազմել է 8,9 մագնիտուդ: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: Ավելի քան  հազար մարդ զոհվել են եւ անհետ կորել: