Վրաստանի բանտերում 2010թ. 100-ից ավելի բանտարկյալ մահացել է դաժան մահով, ըստ վրացական «Մեդիանյուզ» գործակալության, հայտնել է ընդդիմադիր «Ընդհանուր-ժողովրդական դիմադրության շարժում»-ը, որը հանրությանը կոչ է արել միանալ վրացական բանտերի բանտարկյալների իրավունքների պաշտպանության նպատակով:

Շարժման ղեկավար Իրմա Ինաշվիլու խոսքով, ժողովուրդը անպայման պետք է համախմբվի  բանտերում բանտարկյալներին տանջանքների ենթարկելու թեմայի շուրջ: «2010թ. վարչախմբի խամաճիկները տանջանքների ենթարկելով կյանքից զրկել են 100 բանտարկյալի:

Դրա օրինակներից է այս տարի Վրաստանի «Գլդանի» բանտում մարտի 6-ին սպանված Մալխազ Մուզաշվիլին: Իմ աչքով եմ տեսել, որ նա տանջանքների ենթարկվելով է մահացել, իսկ բժշկական եզրակացության մեջ նշված է, որ նա մահացել է տուբերկուլյոզից»,- հայտարարել է շարժման ղեկավարը` ընդգծելով, որ պետք է մոռանալ վախի մասին, եւ ամեն գնով խոչընդոտել  բանտապանների վայրի արարքները:

Նա նաեւ կոչ է արել մարտի 18-ին, ժամը 18-ին հավաքվել Վրաստանի կինոյի տան առջեւ եւ բողոքել` բանտերում ստեղծված ծանր իրավիճակը փոփոխելու համար: