Այս տարի Հայաստանը չմասնակցեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում խոշորագույն ցուցահանդեսներից մեկին՝ CeBIT 2011-ին, որն ավանդաբար անցկացվում է Գերմանիայում։ Նշենք, որ Թուրքիան լուրջ մասնակցություն ցուցաբերեց՝ վարձելով ամենախոշոր տաղավարներից մեկը, իսկ բացմանը ներկա էր նաեւ Թուրքիայի վարչապետը։
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում CeBIT 2011-ին Հայաստանի չմասնակցությունը պայմանավորեց ՏՏ ոլորտին հատկացվող ֆինանսավորման կրճատմամբ։ Դրա հետեւանքով՝ ՏՏ աջակցության պետական ծրագրից դուրս են մնացել մի շարք նախագծեր, այդ թվում՝ միջազգային ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցության ֆինանսավորումը։
Նշենք, որ այս տարի ՏՏ ոլորտին հատկացվող բյուջեն 80 մլն դրամ է՝ մինչճգնաժամային 200 մլն դրամի համեմատ։
«Հայաստանը պետք է մշտապես ներկայացված լինի գոնե մասնագիտացված խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսներին՝ CeBIT, Տայվանում եւ Չինաստանում կա մի խոշոր ցուցահանդես։ Դա հնարավորություն է տալիս հետեւել, թե տեխնոլոգիական ոլորտը ինչով է շնչում, ուր է շարժվում եւ ըստ այդմ պլանավորել սեփական գործունեությունը»,-ասաց Կ. Վարդանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային ցուցահանդեսներին ձգտում են մասնակցել հայկական կապիտալով ընկերությունները, որոնք աշխատում են դրսի շուկայի վրա եւ ցանկանում են դուրս գալ միջազգային ասպարեզ։ Սակայն դրանք հիմնականում փոքր ընկերություններ են՝ 40-50 աշխատողներով։ Ուստի, Կ. Վարդանյանի կարծիքով, պետական օժանդակությունը որոշակիորեն հեշտացնում է նմանատիպ ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցությունը եւ օտարերկրյա խոշոր ընկերությունների հետ համագործակցության գործընթացը։




























