Մարտի 12-ին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսում, Ֆուկուսիմայի նահանգում, որտեղ գտնվում են տուժած երկու ատոմակայնները, հաղորդել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորերկրյա նոր ցնցումը գրանցվել է 37 կմ խորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում է Ֆուկուսիմա քաղաքից 84 կմ հարավ- արեւելք եւ Տոկիոյից 217 կմ հյուսիս-արեւելք:
Հնարավոր վնասի մասին օպերատիվ տեղեկատվություն չի հաղորդվում: Սեյսմոլոգների գնահատականներով` 6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժերը համարվում են ուժեղ եւ կարող են զոհերի ու ավերածությունների պատճառ դառնալ:
Նշենք, որ մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը:





























