Կորեական թերակղզում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, եւ բոլոր կողմերը պետք է աջակցեն նրա ապամիջուկայնացման նպատակին: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին`ելույթ ունենալով Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ եռակողմ համագործակցությանը նվիրված միջոցառմանը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ կորեական հարցում ընդգրկված բոլոր երկրները պետք է ձգտեն գործնական ճանապարհային քարտեզի ստեղծմանը բոլոր խնդիրների լուծման համար:

Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ նախօրեին Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ էր արձակել:

Հիշեցնենք, որ փետրվարին Հանոյում ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը արդյունք չէր տվել:

Պարզվել էր, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը չեն կարողացել համաձայնության գալ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների  մասնակի չեղարկման վերաբերյալ: Դրանից հետո, Փհենյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն իրեն գանգստերի պես է պահում եւ սպառնացել էր վերսկսել հրթիռային փորձարկումները:

Մայիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանը պատրաստ չէ բանակցություններին: