Ճապոնական ծովափնյա Մինամիսանրիկու քաղաքում չի հաջողվել կապ հաստատել մոտ 10 հազար մարդու հետ, նրանք համարվում են անհետ կորած: Դա քաղաքի բնակչության կեսից ավելին է: Բացառությամբ հիվանդանոցի եւ մի քանի բետոնե շենքերի, այդ քաղաքի տների մեծ մասը սրբել-տարել է ցունամին, գրում է Gazeta.ru-ն:
Միյագի նահանգի Սենդայ եւ Հիգասիմացուբարա քաղաքների մարզադահլիճներից հարյուրավոր չճանաչված մարմիններ են դուրս բերվել:
Հարեւան Իվատե նահանգում հաստատվել է մոտ 300 մարդու մահը, զոհերի ընդհանուր թիվը կարող է գերազնացել 500-ը: Ցունամին գրեթե ոչնչացրել է Ռիկուձենտակատա քաղաքը, պաշտպանական ուժերը հայտարարել են, թե այնտեղ հայտնաբերել են 300 -400 մարմին:
Նշենք, որ մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը:




























