Ճապոնիայի արեւելյան ափին այսօր` մարտի 14-ին 4,6-ից 6,1 մագնիտուդով 20-ից ավելի երկրաշարժեր են եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Օդերեւութաբանական վարչությունն էլ հայտնել է, որ 7 մագնիտուդից հզոր երկրաշարժ կարող է կրկվնել մեկ ամսվա ընթացքում:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ճապոնիայում հզոր երկրաշարժի հետեւանքով Հայաստանի որեւէ քաղաքացի չի տուժել: Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով, Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը մշտական կապի մեջ է 30 քաղաքացիների հետ, որոնք այս պահին գտնվում են այդ երկրի տարածքում:

Ճապոնիայում 2011թ. մարտի 11-ին երկրաշարժերի շարք է եղել, որոնցից ամենահզորի մագնիտուդը կազմել է 9: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու ափի մոտ, Սենդայ քաղաքից 130 կմ դեպի արեւելք: Երկրի ափին ցունամի է եղել: Նախնական տվյալներով, զոհերի եւ անհետ կորածների թիվն անցնում է 4,5 հազարից, սակայն չի բացառվում, որ թիվն աճի: