Այսօր, սեպտեմբերի 25-ին Պիտսբուրգում սկսվում է G20-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը նվիրված է համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալուն։

Մինչդեռ քաղաքում արդեն սկսվել են հակագլոբալիստների բողոքի գործողությունները եւ գրանցվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ առաջին բախումները։

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, բողոքի ակցիան տեղի է ունեցել այն շենքի առջեւ, որտեղ ընթանում է գագաթնաժողովը։ Տարբեր տվյալների համաձայն, ցույցին մասնակցել է մի քանի հարյուրից մինչեւ 1000 մարդ, որոնք իրենց դասում են անիշխանականների շարքին։ Քաոսի վերածված չարտոնված գործողության մասնակիցները, կարգ ու կանոնի պահապանների վրա քարեր ու աղբով զամբյուղներ են նետել։ Ոստիկանությունն, ի պատասխան, արցունքաբեր գազ է կիրառել՝ փորձելով ցրել քայլերթի մասնակիցներին։ Այստեղ անցկացվող G20-ի երրորդ գագաթնաժողովի կապակցությամբ արդեն մի քանի օր է, որ քաղաք են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր։ AFP-ի տվյալներով, տեղի ոստիկանությունը ուժեղացվել է դաշնային ու տարածքային մոտակա բաժանմունքների ստորաբաժանումներով։

Ավելի վաղ կեսօրին ոստիկանները ցուցարարների դեմ կիրառել էին ծխակոններ, երբ երթի մասնակիցները կենտրոնական փողոցներից մեկում փորձել էին ճեղքել շրջափակումը։