Ճապոնիայի ծովային ուժերին պատկանող նավը փրկել է ցունամիի արդյունքում օվկիանոսում հայտնված մի տղամարդու, ով ուրբաթ օրվանից ապաստանած է եղել իր տան տանիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մինամիսոմա քաղաքի բնակիչ Հիրոմիցու Սինկավան, լսելով մոտեցող ցունամիի վտանգի մասին, իրերը հավաքելու համար վերադարձել է տուն։ Սակայն նրան չի հաջողվել խուսափել տարերքից, ցունամին նրա տունը քշել է դեպի բաց ծով։
Ռազմածովային մասնագետների կարծիքով, տղամարդուն հաջողվել է կենդանի մնալ բարենպաստ եղանակի շնորհիվ:
Միյագի պրեֆեկտուրայում փլատակների տակից դուրս է բերվել կենդանի մնացած 42 մարդ։ Նատորի քաղաքից հասել է հրաշք-փրկության մեկ այլ լուր եւս։ Տարերքի հետեւանքով հողին հավասարեցված տան փլատակների տակից դուրս են բերել բոլորովին անվնաս տարեց մի կնոջ։ Այս մասին գրում է Newsru.com-ը։
Երեք տարեց մարդիկ հայտնաբերվել են ջախջախված ավտոմեքենայում։
Ներկայումս հզոր երկրաշարժից եւ ցունամիից հետո անհետ կորած է համարվում շուրջ 10 հազար մարդ։
Նշենք, որ Հայաստանի ԱԳ նախարարության տվյալներով, որը մշտական կապի մեջ է Ճապոնիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Քաղաքացիների տարհանում դեռեւս նախատեսված չէ։




























