Ճապոնիայում տեղի ունեցածը 21-րդ դարի ուժեղագույն երկրաշարժերից մեկն էր: Ճապոնիայի նման երկիրը, որտեղ բնակիչները շատ պաշտպանված են եւ իրազեկ, որտեղ  շինարարությունն իրականացվում է այնպես, որ անգամ հզոր  երկրաշարժերը շատ վնաս չպատճառեն, այնուամենայնիվ ցնցվեց մարտի 11-ին կատարվածից: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) Հյուսիսային բաժանմունքի ղեկավար Սերգեյ Նազարեթյանի կարծիքով, Ճապոնացիների համար անսպասելին  ցունամին էր, որն էլ հենց ավերածությունների հիմնական պատճառը դարձավ: Եթե չլիներ ցունամին, երկրաշարժի հասցրած վնասը էական չէր լինի:

Ի դեպ, միջազգային լրատվամիջոցները լուսաբանելով Ճապոնիայում կատարվածը, հիշատակեցին նաեւ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, սակայն Սերգեյ Նազարեթյանը կարծում է, այդ երկու երկրաշարժերը անհամեմատելի են մի շարք առումներով:

Ամենաանցանկալին  ու աղետալին դա ատոմակայանների ռեակտորների հնարավոր  պայթյունն է, ասում է  Սերգեյ Նազարեթյանն ու հավելում. «Ճապոնիայի նման  հզոր  երկիրը պիտի պատրաստ լիներ եւ հաշվի առներ  ցունամիի   վտանգը»:

Նշենք, որ համաշխարհային պատմության ընթացքում արձանագրված  ամենահզոր ցունամիի ալիքը հասել է 30 մետրի: Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով առաջացած ցունամիի բարձրությունը 10 մետրի է  հասել:

Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են ,  որ թեեւ ատոմակայանում ռադիացիոն ճառագայթման մակարդակը նորմայից բարձր է, բայց մարդկանց առողջությանը «անմիջական վտանգ» չի սպառնում:

Ոչ միայն Ճապոնիայի, այլ աշխարհի համար վտանգավոր կլինի եթե ճապոնացի մասնագետները   չկարողանան կանխել ռեակտորների պայթյունը:

Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը չի բացառում, որ առաջիկա օրերին կարող է մինչեւ 7 մագնիտուդ հզորությամբ աֆտերշոկ տեղի ունենալ, մինչ ավելի թույլ աֆտերշոկեր տեղի են ունենում ամեն օր:

Ցնցումներն արձանագրում են նաեւ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմուքնի սարքավորումերը: Սեյսմոլոգն անդրադարձել է նաեւ այն խնդրին, որ Ճապոնիայում տեղի ունեցած հուժկու երկրաշարժը հանգեցրել Է Երկրի առանցքի 15 սանտիմետրով տեղաշարժման եւ 1,6 միկրովայրկյանով երկրային օրերի տեւողության կրճատման:

Ճապոնիայում տեղի ունեցածն անշուշտ իր  ազդեցությունը կթողնի նաեւ համաշխարհային տնտեսության վրա: Հիշեցնենք , որ այն երրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է: