Գերմանական KfW ընկերությունը պատրաստակամ է Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցել քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության եւ մի շարք այլ ոլորտներում:  

Այս մասին այսօր՝ մարտի 15-ին նշվել է KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպության մունիցիպալ զարգացման բաժնի պետ Արնե Գուզի եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապերյանն ասել է. «Մենք շատ ենք կարեւորում պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձեւավորումը: Քաղաքային տնտեսության ոլորտներ կան, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում:  Ներդրումային ծրագրերի իրականացման մասով կարելի է առանձնացնել մասնավորապես աղբահանության, տրանսպորտի եւ առողջապահության բնագավառները»: Նրա խոսքով, այդպիսով քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական եւ բարեկարգման ծրագրերին:

Վարկային եւ ներդրումային ծրագրեր ներգրավելու շրջանակում, քաղաքապետը ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման հարցին:

Իր հերթին հյուրը նշել է, որ առաջիկայում Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպությունը կներկայացնի համագործակցության վերաբերյալ հստակ առաջարկներ: