«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մարտի 15-ին արձանագրվել է դրամի կտրուկ արժեզրկում։ Վաճառվել է 1,5 մլն դոլար՝ 369,49 դրամ միջին փոխարժեքով։ Դոլարի առավելագույն փոխարժեքը կազմել է 369,60 դրամ։

Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 1,29 դրամով կամ 0,35 տոկոսով; Նշենք, որ սա 2011 թ. ընթացքում փոխարժեքի ամենակտրուկ տատանումը չէ։ Հունվարի 19-ին գրանցված ռեկորդը, երբ դոլարը միանգամից թանկացավ 2,35 դրամով կամ 0,64 տոկոսով, դեռեւս պահպանվում է։

Փոխանակման կետերն անմիջապես արձագանքել են բորսայական փոփոխությանը։ Ժամը 15։30-ի դրությամբ կանխիկ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք սահմանել են «Արմսվիսբանկն» ու «Պրոկրեդիտբանկը»՝ 368,50 դրամ։

Թեեւ բանկերը դոլարի վաճառքի փոխարժեք են սահմանել 369-371 դրամը, գործարարներից շատերն արդեն դժգոհում են, որ մեծաքանակ դոլարներ ձեռք բերել գրեթե անհնար է։ «Սուրմալուի» տոնավաճառի առեւտրականներն այսօր NEWS.am-ին ասում էին, որ դոլարն իրենց առաջարկվել է 380 դրամով։