Ֆիննական «Սամպո Ռոզենլեւ» ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել հացահատիկահավաք կոմբայնների հավաքման արտադրամաս:
Այդ մտադրության մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել էին դեռ հունվարին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Այսօր՝ մարտի 15-ին Ա. Գեւորգյանն ընդունել է ֆիննական պատվիրակությանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը փոխվարչապետին են ներկայացրել նախագծի ընթացքը` նշելով, որ արդեն գործնական քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական «Նաիրի բերրիություն» ՍՊԸ-ի հետ, եւ արդեն ամռանը նախատեսում է ունենալ առաջին կոմբայնները:
Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ նրանց մտադրություններն արդեն գործնական ընթացք են ստանում:
Հյուրերը տեղեկացրել են, որ բացի տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց, դիտարկվում են նաեւ արտահանելու հնարավորությունները:
Ֆիննական ընկերությունը նախատեսում է նաեւ տեղական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցաբար իրականացնել վերապատրաստման դասընթացներ գյուղտեխնիկան օգտագործողների համար:





























