Երեւանի քաղաքապետարանն այս պահին քննարկում է սոցիալական բնակարանային ֆոնդի մասին մի ծրագիր: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին Երեւանի Ավագանու նիտսի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, միաժամանակ առաջարկելով, որպեսզի ավագանիները որոշակի առումով այդ ծրագրին աջակից լինեն:
Հարցը վերաբերում էր Նոր Արեշի հասցեում գտնվող հանրակացարանի վթարային պայմաններին, որի հետ կապված քաղաքապետը ասել է, որ այդ պրոբլեմի մասին գիտեն ու որ նման խնդիրներ շատ կան:
«Այս պահին մենք 450 բնակարանի խնդիր ունենք, որ անհրաժեշտ է լուծել։ Եթե մի քիչ այդ հայտանիշը մեղմացնենք այդ 450–ը կդառնա շատ ավելի մեծ թիվ»,- ասել է նա:
Որպես լուծման տարբերակ, քաղաքապետն առաջարկում է վերակառուցել այն ադմինիստրատիվ շենքերը, որոնք չեն օգտագործվում ո՛չ բիզնեսի համար, ո՛չ արտադրության համար, կամ ուղղակի պարապ քայքայվում են: Ըստ նրա, այդ ձեւով եւ շենքերը կվերականգնվեն, եւ խնդիրը համեմատաբար արագ լուծում կունենա:





























