ՊԵԿ առաջնային խնդիրը ո՞րն է՝ հետեւել, որ խանութները ՀԴՄ տրամադեն, թե՞ ամեն կերպ մասնագիտական հմտություններ կիրառելով՝ խանութներին տուգանեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «ՆԻՉ» հանրախանութի հիմնադիր տնօրեն Դավիթ Խոսրովյանը։

«Հաճելի է վարչապետից լսել, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու համար չէ, բայց, ափսոս, դա ընդհամենը բարի ցանկությունների շարքից է։ Երեկ ժամը 13։00–ի սահմաններում Մարիամ Ավդալյան անունով այս աղջիկը մտնում է «ՆԻՉ» հանրախանութ, կատարում է գնումներ, որի դիմաց ստանում է ՀԴՄ կտրոն, ապա դրամարկղի մոտ սպասում է այնքան ժամանակ մինչեւ մեկ այլ հաճախորդ մոտենա, որից հետո դրամարկղի մոտ թեթեւ խառնաշփոթից օգտվելով արագ վերցնելով (չի գողանում, գանձապահն ա տալիս) կրակայրիչը, գումարը թողնում է սեղանի վրա եւ հեռանում։ Կարճ ժամանակ հետո խանութ են մուտք գործում ՊԵԿ տեսուչներ, որոնցից մեկը ներկայանում է Վաչե Սարգսյան (նկարում) եւ հայտարարում, որ իրենց գնումների դիմաց 150 դրամի ՀԴՄ կտրոն չի տրամադրվել եւ խանութը տուգանվում է 150,000 դրամով։ Ամեն ինչ այսչափ վիրավորական չէր լինի, եթե մեր խանութը մշտապես ՀԴՄ տրամադրող խանութ չլիներ ու որ Շենգավիթի հարկայինում այդ մասին տեղեկացված չլինեին։ Ուզում եմ հասկանալ, սա ի՞նչ գործիքակազմ է, ՀՀ ՊԵԿ առաջնային խնդիրը այս մասով ո՞րն է՝ հետեւել, որ խանութները ՀԴՄ տրամադեն, թե՞ ամեն կերպ մասնագիտական հմտություններ կիրառելով խանութներին տուգանել»,- նշել է նա։