Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ բարձր մակարդակով հանդիպումները կշարունակվեն։ Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հարցին։
Նրա խոսքով՝ քաղաքական երկխոսությունը կողմերի միջեւ կշարունակվի, քանի որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության օրակարգը բավական լայն է։
«Դա վերաբերում է մեր հարաբերություններին տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսականը։ Այս փուլում մենք կարողացանք գրանցել բավական շոշափելի արդյունք։ Խոսքը Չինաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագրի մասին է, որը դեռ պետք է որոշակի գործընթացներ եւ ստորագրման փուլ անցնի»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։
Ընդ որում, ինչպես նշել է Մնացականյանը, դա թույլ կտա պարզեցնել շփումը երկու ժողովուրդների միջեւ բոլոր մակարդակներում, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցությանը։





























