ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եվրոպական միությունը լքող Մեծ Բրիտանիայի հետ «ֆենոմենալ» գործարք կնքելու մտադրության մասին: Այս մասին նա ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թրամփը կրկին հայտարարել է Մեծ Բրիտանիայի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու մտադրության մասին՝ նշելով, որ «մեծ պոտենցիալ» կա: Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են մեծացնել առեւտրի ծավալները:

Թերեզա Մեյը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ թանկ եւ հատուկ հարաբերությունները, սակայն խոստովանել է Թրամփի հետ՝ կլիմայի փոփոխության եւ Իրանի հարցերով տարաձայնությունների առկայության մասին:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել կլիմայի փոփոխության մասին Փարիզյան համաձայնագիրը, որից Թրամփը հրաժարվեց: Մեյը նաեւ հայտնել է, որ երկու երկրները տարաձայնություններ ունեն Իրանի կողմից սպառնալիքը սահմանափակելու հարցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ «համագործակցությունն ու փոխզիջումն ամուր կապերի հիմքն են»:

Huawei-ի մասին

Թրամփը նշել է, որ «որեւէ սահմանափակում» չի տեսնում՝ չինական Huawei ընկերության վրա ճնշման ֆոնին երկու երկրների միջեւ հետախուզության փոխանակման համար:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել այդ եւ այլ հարցերում:

Բրեքզիթի մասին

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիային կհաջողվի բրեքզիթի հարցով վերջնական համաձայնության գալ: Նրա խոսքով՝ դա լավ է երկրի համար:

Թրամփն ավելի վաղ Մեյին քննադատել էր բրեքզիթի հարցով դիրքորոշման համար: Սակայն այսօր նա նշել է, որ Մեյը «հարգանքի է արժանի եւ լավ աշխատանք է տարել»:

Մեծ Բրիտանիայի վարչապետի ապագայի մասին

Թրամփի կարծիքով՝ վարչապետի լավագույն թեկնածուներն են Բորիս Ջոնսոնն ու Ջերեմի Հանթը:   

«Ես ճանաչում եմ Բորիսին, նա ինձ դուր է գալիս: Գիտեմ նաեւ, որ նա լավ աշխատանք է կատարել: Ճանաչում եմ նաեւ Ջերեմիին, կարծում եմ, նա լավ աշխատանք կկատարի»,- ասել է նա հեռացող վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանելով իր այցի դեմ Լոնդոնում անցկացվող ցույցերը՝ Թրամփը դրանք «աննշան» է անվանել եւ ոչ այնքան մեծ, որքան փորձում են ներկայացնել «ֆեյք» ԶԼՄ-ները: