Հայ ազգային կոնգրեսը պնդելու  եւ պարտադրելու է իշխանությանը հրաժարական ներկայացնել ժողովրդի կամքի արտահայտման միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` արձագանքելով հեղափոխության մասին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարություններին:

«Եթե ինքը տերմինների խնդիր ունի, ապա թող կիրառի այն տերմինը, ինչը որ ուզում է: Ժողովրդի իշխանությունը բարձրագույն իշխանություն է, իրավաբանական ուժ ունի, եւ Աստծո ուժին համահավասար բան է: Այդ ուժը  ստիպելու է իշխանություններին սպիտակ թուղթ վերցնել, վրան հրաժարական գրել, կամ էլ ինքնաթիռ նստել եւ հեռանալ երկրից: Դա մեզ համար իշխանափոխություն կլինի, իսկ թե այն Ալիկ Սարգսյանն ինչպե՞ս կանվանի` հեղափոխությո՞ւն,  թե՞ հեղաշրջում, իր ճաշակի խնդիրն է»,-հայտարարեց Մանուկյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը ենթարկվել եւ ենթարկվելու է ժողովրդի ուժին:

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե «սիմպատիա չունի հեղափոխությունների նկատմամբ», քանի որ հեղափոխությունը զինված ճանապարհով իշխանության բռնազավթում է եւ եթե որեւէ մեկը փորձի դիմել նման քայլի, ապա ոստիկանությունը համապատասխան վերաբերմունք ցույց կտա: Ալիկ Սարգսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխության ցանկացած փորձ «հենց օրորոցում կխեղդի»: