Թերթը զրուցել է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ:
«Այսօր ասում ենք` հայ ճարտարապետների նախագծած նորակառույց շենքերը կդիմանան այս կամ այն բալային աստիճանին: Բայց երբ շենքերի մի ողջ համալիր գլուխ գլխի են հավաքված, եւ երկու շենքերի միջեւ եղած հեռավորությունը քաղաքաշինական նորմերին համապատասխան չէ, բնականաբար վտանգը տասնապատիկ մեծ է: Եվ ահա թե ինչու»,- ասել է ճարտարապետն ու հավելել. «Շենքերը այստեղ կարող են կայուն մնալ, բայց եթե Ճապոնիայում կամ այլուր տեխնոլոգիան թույլ է տալիս, որ շենքերը երեսպատեն թեթեւ նյութերով, որոնց հարվածը կամ ընկնելը այնքան վտանգավոր չէ, ապա մեզ մոտ նույնը արվում է ծանր նյութերով:
Իսկ սա նշանակում է, Աստված չանի, եթե երկրաշարժ լինի, շենքի կարկասը կարող է մնալ, իսկ պատերը շուռ գան։ Իսկ շենքերի խտությունն այն աստիճանի է, որ բեկորներն անգամ կարող են վնասակար լինել` խոչընդոտելով փրկարարական աշխատանքներին: Երբ մտովի պատկերացնում ես, թե ինչ կարող է լինել, սարսափում ես»:
Ըստ Մինասյանի` «Ճապոնիայում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ մենք բոլորս անպաշտպան ենք տարերային աղետի դեմ»:
«Նրանք ասում են, եթե միայն երկրաշարժ լիներ, ցունամին չլիներ, կորուստներն այդքան մեծ չէին լինի: Մեր նորակառույցները, իհարկե, սեյսմակայունության բալային պահանջները հաշվարկով պահել են, բայց մի տեղ կարող է հաշվարկը տատանվի, քանզի բալային միավորների հետ գներն էլ աճում են: Այսինքն՝ մի տեղ կարող է երկաթի որակը այն չլինի, մյուս դեպքում` ոչ բոլոր շինարարները բարեխիղճ լինեն, մեկ այլ պարագայում հսկողը անհրաժեշտ բարեխղճություն չունենա եւ այլն, եւ այլն»,- նշել է ճարտարապետը:





























