Օգոստոսի 30–ը Անհայտ կորածների միջազգային օրն է. մենք ունենք 1000 ընտանիք Հանրապետությունում, բայց պետական մակարդակով օրը չի հիշատակվում ոչ մի տարի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 2020–ին անհայտ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայրը՝ Գոռ Մուրադյանը։
«Անցած տարի մենք կազմակերպեցինք միջոցառում մեր ուժերով, որտեղ շեշտը դրել էինք իրավաբանական կետի վրա ու դահլիճում որոշել էինք հավաքվել ընտանիքներով։ Այս տարի որոշել ենք իրավաբանականը փոխարինել հոգեբանականով։ Մենք պիտի բեմից ներկայացնենք ծնողի ապրումը։ Միջոցառումը տեղի կունենա Կինոյի տանը և հուսով եմ՝ բոլորս այդ ամեն ինչը կբարձրաձայնենք, կիրազեկենք, որովհետև հանրապետությունում հենց կոնկրետ աներ կորածի խնդիրը շատ քիչ լսելի է։
Յուրաքանչյուր ասուլիսի ժամանակ ես ուշադիր եմ լինում, ձեզանից ոչ մեկ չի հարցնում այդ մասին, ամեն խնդիրներից խոսում ենք, գերիներից խոսում ենք, բռնի անհետացումներից, բռնի տեղահանվածներից խոսում ենք, բայց չգիտես ինչու, անհայտ կորածների մասին հարց չի հնչում վարչապետին։ Ու քանի որ հարց չի հնչում, բնականաբար պատասխան էլ չի հնչում։ Իմ խնդրանքն է ձեզ բոլորիդ, եթե հնարավոր է, օգոստոսի 30–ին Կինոյի տանը լուսաբանեք, հասկանանք, այդ խնդրին ընդհանրապես, ով է ուշադրություն դարձնում, ով է հարգում, ով է ներկայանում, ով չի ներկայանում»,–ասաց նա։





























