Հայաստանում առաջին և տասներորդ դասարաններ դիմումների ընդունումը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 5-ը, հետևաբար նոր ուսումնական տարում դպրոցականների թվի վերաբերյալ վերջնական տվյալները հայտնի կլինեն սեպտեմբերի առաջին օրերին։ Անցած ուսումնական տարում հայկական դպրոցներում սովորել է 424 939 երեխա, և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ակնկալում են, որ այս տարի ցուցանիշը մոտավորապես նույնը կլինի։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերջին տարիներին դպրոցականների թիվը դրական դինամիկա է ցուցաբերում։
Այժմ աանձնահատուկ ուշադրություն է դարձվում արտերկրից Հայաստան վերադարձող ընտանիքների երեխաներին։ Հանրակրթության համակարգում գործում են նրանց ընդունելության և ուսումը շարունակելու համապատասխան կանոններ։
Մասնավորապես, այն երեխաների համար, որոնց անհրաժեշտ է ուսուցման ոչ հայալեզու ձև, օրենսդրությամբ սահմանվում են այն դեպքերը, երբ նման կրթությունը հնարավոր է։ Այս պահին ռուսերեն ուսուցմամբ դասարաններ ընդունվել է 5 427 երեխա։ Այս ցուցանիշը նույնպես վերջնականապես կձևավորվի առաջիկա օրերին։
Անդրեասյանի խոսքով՝ հատկապես նկատելի ակտիվություն է դիտվում Երևանում։ Որոշ դեպքերում նախարարությունը իրավիճակային որոշումներ է ընդունում, որպեսզի ապահովի երեխաների կրթության իրավունքը։
Եթե տվյալ վարչական շրջանում ռուսերեն ուսուցմամբ դասարանների բոլոր լիցենզավորված տեղերն արդեն զբաղված են, միևնույն է, երեխային կարող են ընձեռել ընդունվելու հնարավորություն, եթե մոտակայքում հասանելի այլընտրանք չկա։
«Մենք տեսնում ենք որոշակի ակտիվություն, հատկապես Երևան քաղաքում, և նույնպես ընդունում ենք որոշակի իրավիճակային որոշումներ երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար, եթե տվյալ վարչական շրջանում ռուսերեն ուսուցման հնարավորությունները, լիցենզավորված տեղերը սպառված են», — ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ, արտերկրից վերադարձող ընտանիքների դիմումները վերաբերում են ոչ միայն դպրոցներին։ Նախարարություն ամեն օր հարցեր են ստացվում քոլեջներում կրթությունը շարունակելու և բուհեր տեղափոխվելու վերաբերյալ։
Նախարարի խոսքով՝ գերատեսչությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է նման դիմումների հետ և ձգտում է ապահովել վերադարձող քաղաքացիների ու նրանց երեխաների կրթության անընդհատությունը։




























