Անցած ուսումնական տարում այն երեխաների 93 տոկոսը, որոնք իրենց հասակակիցներից ուշ են ընդունվել դպրոց և անմիջապես սկսել են ուսումն ավելի բարձր դասարանում, ցուցաբերել են դրական առաջադիմություն։ Ընդ որում, նրանց 47 տոկոսը ստացել է գերազանց գնահատականներ։
Այս տվյալները լրագրողների հետ զրույցում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով դպրոց ուշ ընդունված երեխաների տարեկան մշտադիտարկման արդյունքների մասին։
Ինչու փոխեցին կանոնները
Հայաստանում գործում է այն պահանջը, ըստ որի՝ երեխան պետք է առաջին դասարան գնա այն տարվա սեպտեմբերին, երբ մինչև դեկտեմբերի 31-ը լրանում է նրա վեց տարին։ Անդրեասյանի խոսքով՝ այս կանոնը երկրում գործում է 2010 թվականից։
Սակայն գործնականում երեխաների մի մասը դպրոցական ուսուցումը սկսում էր սահմանված ժամկետից ուշ։ 2024 թվականին կանոնները փոխվեցին․ սահմանվեց, որ եթե երեխան դպրոց է գնում ավելի ուշ, ապա նա կսովորի իր հասակակիցների հետ նույն դասարանում և ոչ թե ուսումը նորից կսկսի առաջին դասարանից։ Փոփոխությունն ուժի մեջ մտավ մեկ տարի անց՝ 2025 թվականին։ Նախարարի խոսքով՝ այդ ժամանակահատվածն անհրաժեշտ էր, որպեսզի ծնողները նախապես տեղեկանան նոր կանոնների մասին և կարողանան որոշում կայացնել։
Այս որոշումը մտահոգեց բազմաթիվ ծնողների։ Գլխավոր հարցն այն էր, թե արդյոք առաջին դասարանը բաց թողած երեխան կկարողանա միաժամանակ յուրացնել անհրաժեշտ նյութը և հաղթահարել երկրորդ դասարանի ծրագիրը։
Անցած ուսումնական տարում այդպիսի երեխաների թիվը 469 էր։
Ինչ ցույց տվեց մեկ տարվա դիտարկումը
Ամբողջ տարվա ընթացքում նախարարությունը հետևել է այս խմբի երեխաների առաջադիմության ցուցանիշներին, որպեսզի համոզվի, որ նոր քաղաքականությունը չի վնասում երեխայի շահերին, և երեխաները ստանում են անհրաժեշտ աջակցություն։ Արդյունքներն ավելի լավ էին, քան մտահոգվում էին շատ ծնողներ։
«Այս երեխաների 93 տոկոսը ցուցաբերել է դրական առաջադիմություն։ Սա նշանակում է, որ նրանք ոչ միայն կարողացել են յուրացնել այն, ինչ բաց են թողել, այլև հաջողությամբ սովորում են իրենց հասակակիցների հետ՝ նույն գործընթացում, ռիթմով և տեմպով», — ասել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ այս խմբի երեխաների 47 տոկոսը ստացել է գերազանց գնահատականներ։
Միևնույն ժամանակ, այն երեխաները, որոնց արդյունքներն ավելի ցածր են եղել, հիմնականում պատկանել են սովորողների այն խմբին, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ Նրանց հետ, ինչպես նախատեսված է համակարգով, աշխատանքը տարվում է անհատական ուսումնական պլաններով և այլ հատուկ մոտեցումներին համապատասխան։
«Ավելի լավ է վստահել երեխաներին»
Անդրեասյանի խոսքով՝ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նման դեպքերում հիմնական խնդիրը կարող է կապված լինել ոչ այնքան հենց երեխաների կարողությունների, որքան ծնողների տագնապի հետ։
«Շատ հաճախ, երբ մտածում ենք, որ մեր երեխաներն ինչ-որ բան չեն կարող, ինչ-որ բան չեն հասցնի, հնարավոր է՝ խնդիրն ավելի շատ մեր ծնողական տագնապի մեջ է, քան մեր երեխաների իրական հնարավորությունների», — ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ լավագույն տարբերակը շարունակում է մնալ երեխայի՝ դպրոց ժամանակին ընդունվելը։ Նրա խոսքով՝ այս տարի սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունվող երեխաների թիվն արդեն չի լինի այնպիսին, ինչպիսին նոր մոտեցման կիրառման առաջին տարում էր։
Միևնույն ժամանակ, նախարարը 469 երեխաների հետ աշխատանքի արդյունքները կարևոր ցուցանիշ է համարում այն բանի, որ երեխաներին կարելի է վստահել, եթե նրանց համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ և ապահովվի աջակցություն։
«Երբ վստահում ես, ստեղծում ես հնարավորություններ և պայմաններ, աջակցություն ես տալիս, ես առավել քան վստահ եմ, որ մեր երեխաների համար գրեթե անհնար ոչինչ չկա», — ասել է Անդրեասյանը։




























