Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի ունեցվածքին՝ ՕԵԿ մամուլի քարտուղարը հայտարարել է, թե ՀՀ ցանկացած քաղաքացու պես՝ Արթուր Բաղդասարյան էլ սեփականության իրավունք ունի, իսկ «խնդրո առարկա» կոնյակի գործարանը «ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում զբաղվածության խնդիր է լուծում՝ աշխատատեղ ապահովելով շուրջ 700 մարդու համար»։
«ՉԻ» - Մարդուն հարցնում են՝ ամբողջ կյանքումդ պետական պաշտոնյա ես եղել, քեզ որտեղի՞ց այնքան փող, որ կոնյակի գործարան ես կառուցում, իսկ սա ասում է՝ «ես դրանով սոցիալական խնդիր եմ լուծում»։ Ջեբկիրն էլ է սոցիալական խնդիր լուծում (ընտանիքն է կերակրում), բայց դա որեւէ կերպ չի արդարացնում նրա հանցանքը։ Բանդաների պարագլուխներն էլ են սոցիալական հարցեր լուծում՝ բանդայի անդամներին կանոնավոր աշխատավարձ են վճարում, բայց որեւէ նորմալ երկրի դատարան, չգիտես ինչու, հաշվի չի առնում այդ «մեղմացուցիչ հանգամանքը»։ Այնպես որ՝ Արթուր Բաղդասարյանը ճիշտ կանի, եթե հստակ ասի, թե որտեղի՞ց իրեն այն գումարը, որով ինքը նման «սոցիալական ծրագրեր» է իրականացնում։
Միայն թե չասի՝ գիտե՞ք, պարտքով եմ վերցրել բրիտանացի դիվանագետներից։ Աշխարհով մեկ խայտառակ կլինենք։





























