2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կարող է իր եզրակացությունները խորհրդարանին ներկայացնել նախատեսված ժամկետից շուտ։ Այս մասին «168 ժամ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
Մինչդեռ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, շտապողականությունն այս գործում տեղին չէ։ Ինչպես նշել է պատգամավորը NEWS.am-ին տված հարցազրույցում, հանձնաժողովը պետք է իր զեկույցը ներկայացնի մինչև սեպտեմբերի 25-ը, իսկ նախքան այդ ժամկետն ընկած ժամանակահատվածը կարելի է ծախսել բոլոր փաստերի մանրազնին ուսումնասիրության վրա։ Անհրաժեշտության դեպքում, պատգամավորի կարծիքով, կարելի է հրաժարվել ամառային հանգստից։ Սակայն Զոհրաբյանը չի բացառել, որ հանձնաժողովը կընդունի այլ որոշում և զեկույցը կներկայացվի ավելի շուտ՝ խորհրդարանի արտահերթ նիստում։
Ներկայումս հանձնաժողովի անդամները ուսումնասիրում են փաստահավաք խմբի տրամադրած նյութերը։ Բնակչության դեմ հատուկ միջոցներ կիրառած չորս ոստիկաններին հարցաքննելու մասին Զոհրաբյանի առաջարկությունն առայժմ հավանության չի արժանացել։ Սակայն, ըստ պատգամավորի, եթե փաստահավաք խմբի նյութերի ուսումնասիրման ժամանակ հանձնաժողովի անդամները նման եզրահանգման գան՝ ոստիկանները կկանգնեն հանձնաժողովի առջև։




























