Հայաստանում ամեն ոք` իշխանությունն ու ընդդիմությունը պետք է իրենց գործն անեն, եւ ընդդիմությունը չպետք է հանձնարարականներ տա իշխանությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 17-ին հայտարարեց ԱԺ ՀՀկ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանություններին ներկայացված15 կետից բաղկացած պահանջագրին: Նա նշեց, որ այդ պահանջներն իրատեսական չեն:

Հարցին, թե Սերժ Սարգսայնի վերջին մի քանի օրերի հանդիպումներն ու հայտարարությունները կարելի՞ է դիտարկել որպես պատասխան ընդդիմության պահանջներին, Սահակյանն արձագանքեց. «Ես կասեի, որ ընդդիմության համար նախագահի ելույթները բավականին հաճելի իրողություններ են, որովհետեւ կարող են ասել.«Տեսե´ք, 15 պահանջներ ներկայացրեցինք, եւ իշխանություններն արդեն տեղի են տալիս»: Մինչդեռ, ըստ Սահակյանի, նման հայտարարություններ ու հանդիպումներ կազմակերպելը նախագահի գործառույթն է, նրա աշխատանքային գործունեություն մի մասը:   

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ այսօր տեղի ունենալիք ՀԱԿ հանրահավաքին եւ հերքեց այն պնդումները, թե մարզերից մայրաքաղաք եկող ճանապարհները փակ են: Նա նաեւ նշեց, որ այսօր հանրահավաքին հազիվ 10 հազար մարդ մասնակցի, սակայն ՀԱԿ-ը կհայտարարի, թե 50-100 հազար մարդ է մասնակցել: ՀՀԿ-ական պատգամավորը վերհիշեց նաեւ այն ժամանակները, երբ Ազատության հրապարակում Արցախի խնդրի հետ կապված հանրահավաքներ էին կազմակերպվում եւ նշեց, որ չնայած խորհրդային զորքը ամեն ինչ անում էր` արգելելու  մարդկանց մասնակցությունը այդ հանրահավաքներին, սակայն բազմահազարանոց ցույց էին տեղի ունենում:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե` եթե ՀՀԿ-ն այսօր որեւէ խնդրի հետ կապված հանրահավաք հրավիրի, քանի՞ մարդ կմասնակցի դրան, իշխանական պատգամավորը կարկամեց եւ որեւէ պատասխան չտվեց: Ճշտող հարցին, թե «քանի՞ մարդ կմասնակցի 10 հազար, 50 հազար», Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Էն է, լավ էլ թվեր եք նշում»: Նա քիչ անց հարցին հարցով պատասխանեց. «Բայց ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, ինչի՞ պիտի հանրահավաք հրավիրի, ընդդիմությանը քննադատելու համա՞ր»: