Հայաստանի տարածքում մարտի 10-16-ին 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել, իսկ տարածաշրջանում գրանցվել է նմանատիպ 10 երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
Մարտի 10-ին Թուրքիա- Իրան սահմանային գոտում` Վան քաղաքից 70 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին մարտի 14-ին հետեւել է երկու ցնցում` 6 բալ եւ 4-5 բալ ուժգնությամբ: Մարտի 10-ին Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 12 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ հաջորդ օրը Դողուբայազետ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել 3 բալանոց թույլ երկրաշարժ: Նույն ուժգնությամբ ցնցում է գրանցվել մարտի 12-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 97 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ մարտի 16-ին Իրան-Ադրբեջան սահմանային գոտում` Նախիջեւան քաղաքից 26 կմ դեպի հարավ: Մարտի 10-ին Իրանի Մակու քաղաքից 28 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Մարտի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 60 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է 5-6 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն, որին րոպեներ անց հետեւել է 5 բալանոց ցնցում:
Տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով տեղի է ունեցել 40 ուժեղ երկրաշարժ, որից 38-ը Ճապոնիայի արեւելյան ափամերձ գոտում:
Մարտի 11-ին ճապոնական Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Սենդայ քաղաքից 130կմ դեպի արեւելք (Տոկիոյից 370կմ հյուսիս-արեւելք), տեղի է ունեցել 9.0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որից անմիջապես հետո հայտարարվել է ցունամիի վտանգի մասին եւ ափամերձ գոտուց բնակչությունը տարհանվել է: Երկրաշարժը եւ դրա հետեւանքով առաջացած 10 մետր բարձրություն ունեցող ալիքը` ցունամին, ավերել են երկրի ամբողջ հյուսիս-արեւելյան ափամերձ հատվածը: Ըստ նախնական տվյալների, մարդկային զոհերի եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 12 հազարը, կան 2000-ից ավելի վիրավորներ, ինչպես նաեւ մեծ ավերածություններ, անօթեւան են մնացել հարյուր հազարավոր մարդիկ:
Ստորգետնյա տատանումները բազմաթիվ արդյունաբերական կենտրոններում հրդեհների պատճառ են դարձել: Չնայած, որ ստորգետնյա ցնցումներից ավտոմատ անջատվել էին ատոմային էլեկտրակայանները, այնուամենայնիվ ¦Ֆուկուսիմա-1§ ԱԷԿ-ում ռեակտորների հովացման համակարգում պայթյունները հաջորդել են մեկը մյուսին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ռեակտորի հալեցում եւ ռադիացիայի արտահոսք դեպի մթնոլորտ, ճառագայթման չափաբաժնի մակարդակը գերազանցել է նորմայի սահմանները: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, վթարը գնահատել է 4-րդ աստիճանի, ըստ միջուկային իրադարձությունների միջազգային սանդղակի (INES), սակայն այն կարող է հասնել առավելագույնի` 7-րդ աստիճանի: Մասնագետները փորձում են տարբեր մեթոդներով կասեցնել ռեակտորների տաքացումը, դեռ իրավիճակը կառավարելի է: Երկրաշարժին մինչ օրս հաջորդել է 5 եւ ավելի մագնիտուդով 294 հետցնցում, որից 37-ը` 6 եւ ավելի: Նշենք, որ երկու օր առաջ նախորդել էր 5 եւ ավելի մագնիտուդով 22 նախացնցում, որից 4-ը` 6 եւ ավելի: Ճապոնիայում իրավիճակը մնում է ծայրահեղ: Դեռ կշարունակվի սեյսմիկ ակտիվությունը այս տարածքում:
Հաջորդ ուժեղ սեյսմիկ իրադարձությունները դարձյալ գրանցվել են խաղաղօվկիանոսյան օղակաձեւ գոտում` ¦հրե օղակում§, մարտի 10-ին եւ 12-ին, համապատասխանաբար Բալիի ծովում եւ Տոնգայի կղզիներում, 6.5 եւ 6.1 մագնիտուդերով, զոհեր եւ ավերածություններ չկան:





























