Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված որեւէ վարկած բացառված չէ, այդ թվում քաղաքական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի մեքենան եւ բնակարանի դուռը հրկիզելու միջադեպին:

«Անկախ իրականացված այս ակտի բուն նպատակից եւ մոտիվացիայից սա միանշանակորեն զազրելի, շատ խիստ քրեորեն պատժելի արարք է: Բուն մոտիվի մասին զերծ կմնամ որեւէ բան ասելուց, բայց  որեւէ վարկած բացառված չէ, այդ թվում քաղաքական, այդ թվում վախի մթնոլորտ տարածելու, այդ թվում գուցե անձնական վրեժխնդրության ինչ-որ, ինչը կոնկրետ այդ անձին ճանաչելով քիչ հավանական եմ համարում: Բայց խոշոր հաշվով ընտրությունների նախօրեին  նման քայլը ինչ-որ շրջանակների կողմից  դատապարտելի եւ մերժելի է իրավական պետության բոլոր գործիքակազմով»,- ասաց նա:

Մարզպետը նշեց, որ ինքն  այս պահին դեպքի վայրում է, այնտեղ ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում:

«Հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, բնականաբար սադրանքի չենք տրվելու, իրավական բոլոր գործիքակազմերով հակադարձելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության: Մենք ոչ մեկի հետ թշնամություն չունենք բացառությամբ զոռբա, ապօրինի եւ հին քաղաքական ն մշակույթը կրող գործիչների, մեր թշնամին ապօրինություններն են մեր քաղաքում, իրենց օրենքից վեր դասողներն են, քաղաքում իրենց  արտոնյալ համորղներն եւ Աբովյանում օրենքի գերայություն լինելու է բառի իրավական, քաղաքական սոցիալական առումներով»:

Մարզպետը հավաստիացրեց, որ միջադեպը չի կարող ապակայունացնել կամ լարվածություն ստեղծել քաղաքում եւ այս միջադեպն ըստ մարզպետի եւս մեկ խթան է աբովյանցիների համար, որ վաղը գնան ընտրատեղամաս եւ քվեարկեն օրենքի գերակայությունը հռչակած թեկնածուի օգտին:                                          

Նշենք, որ այսօր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և բնակարանի դուռը , նրա որդին այրվածքներ է ստացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46 ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:

 Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ

Նախաքննությունը շարունակվում է: