Մայիսի 30-ին նախկին ամուսնու կողմից նետված նռնակների պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած կինը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց  «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։

Նա նշեց, որ բարդ վիրահատությունից հետո կնոջ վիճակը դեռ շարունակում է մնալ ծանր, նրա կյանքին վտանգ է սպառնում:

Նշենք, որ պայթյունից տուժած կնոջ ներկայիս ամուսինը, որը 60 տարեկան էր, մայիսի 30–ին ստացած վնասվածքներից  բժշկական կենտրոնում մահացել է:

Հիշեցնենք, որ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Երեւան քաղաքի 60–ամյա բնակիչը, Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ եւ վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց  թվում եղել է նաեւ 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը):

Նշենք, որ այսօր` հունիսի 8-ին ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է նռնակը նետելու մեջ կասկածվող անձը: Նրան հայտնաբերել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, նա հանձնվել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցություններից հետո: