Քաղբանտարկյալ, Արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ Անիի տարածաշրջանի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հարություն Ուռուտյանը 15 րոպե առաջ ազատ է արձակվել «Արթիկ» ՔԿՀ-ից, քանի որ լրացել է նրա պատժի կրման մեկ երկրորդը:

Ուռուտյանի որդին`ՀՀՇ երիտթեւի ղեկավար Բաբկեն Ուռուտյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ հայրը  Երեւանի ճանապարհին է եւ գալիս է մասնակցելու Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին: «Գոհ եմ Հայ Ազգային կոնգրեսի պայքարից եւ այդ պայքարի , ինչու չէ նաեւ միջազգային հանրության ճնշումների արդյունքում ես այսօր դրսում եմ, հիմա էլ գնալու եմ միանգամից Երեվան, որ մասնակցեմ հանրահավաքին»,- ասել է ազատ արձակված Ուռուտյանը:

Հարություն Ուռուտյանը ձերբակալվել էր 2008թ-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ: 2008 թվականի նախագահական ընտրություններում նա եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, Մարալիկ քաղաքի նախընտրական շտաբի պետ: Ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 19-ին` ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ Սերժ Սարգսյանի վստահված անձին մարմանական վնասվածք հասցնելու մեղադրանքով:  Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը սահմանել էր` 6 տարվա ազատազրկում` 112 հոդվածի եւ 149 հոդվածի հատկանիշով: Ուռուտյանն ազատ է արձակվել պայմանական վաղաժամկետով` ՔԿՀ-ում անցկացնելով պատժաժամկետի մեկ երկրորդը: