Հայ ազգային կոնգրեսի երեկ տեղի ունեցած հանրահավաքից ընդդիմության սպասելիքներն արդարացան:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 18-ին հայտարարեց Հաաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Երեկվա հանրահավաքը հիշեցնում էր 2003 թվականին տեղի ունեցած հանրահավաքները: 2003-ից հետո, ըստ իս, Մատենադարանում այդքան մարդ չէր հավաքվել: Ազատության հրապարակը նվաճվեց, ինչը շատ խորհրդանշանակ էր: Պետք է սպասել, թե ինչ ընթացք կունենա իրադարձությունների հետագա զարգացումը»,-հայտարարեց Արզումանյանը:

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի ղեկավարությունը պայմանավորվել էր ոստիկանության հետ, այդ պատճառով էլ ոստիկանները թույլ տվեցին անարգել մտնել հրապարակ, ՀԱԿ ներկայացուցիչը արձագանքեց, թե ինքը ներգրավված չէ ՀԱԿ-ի` որոշում կայացնողների  շարքում, հետեւապես` չի կարող հաստատել կամ հերքել պայմանավորվածության հանգամանքը:

«Ես դավադրությունների տեսություններից աշխատում եմ զերծ մնալ: Գուցե այդպիսի տպավորություն առաջացած լինի: Մեր ոստիկանությունը հայտնի է իր լկտիությամբ, իր հրամանատարներով, որոնք կանանց են հայհոյում, ապտակում, թքում վրաները` չամաչելով իրենց գեներալական համազգեստից: Այդ նույն ոստիկանները շատ սիրալիր էին երեկ»,- ասաց Ալիկ Արզումանյանը, հավելելով, որ երեկվա ոստըիկանների վարքը նորմալ է համարում, քանի որ ոստիկանությունն իրացրել է իր`օրենքով սահմանված լիազորությունները եւ զերծ է մնացել մարդկանց`սահմանադրական իրավունքների իրացումը խոչընդոտելուց:

Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ հայտարարեց, թե Ազատության հրապարակի վերանվաճման խնդիր չկար, պարզապես այն ժամանակավորապես փակ էր պահվում` մարտի 1-ի դեպքերի կրկնությունը բացառելու համար: